Ընթերցասերների շրջանակում մեր օրերում գերակշռող թիվ են կազմում 18-ից 35 տարեկան երիտասարդները: Ամենաընթերցվող ժամանակակից գրողներից են Լևոն Խեչոյանը, Գուրգեն Խանջյանը, Հովիկ Չարխչյանը, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Գրիգը և այլք:
«Հայաստանում տարեկան տպագրվում է 2000 գիրք. դրանցից շատերը հարյուրից ավելի տպաքանակով են և սպառվում են: Ելնելով այդ տվյալներից` կարող եմ ասել, որ մեր երկրում ընթերցասերներ կան»,- նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Անդրադառնալով ամենաընթերցվող գրքերին` Արքմենիկն ընդգծեց, որ գրադարանային տվյալներով Հայաստանում ամենաընթերցվող գրողը Լևոն Խեչոյանն է:
«Եթե նախկինում մարդիկ թերահավատ էին ժամանակակից գրողների նկատմամբ ու գումար չէին ծախում նրանց գրքերը գնելու համար, ապա այսօր կան գրողներ օրինակ` Գուրգեն Խանջյանը, Գրիգը, որոնք սպառել են իրենց գրքերի առաջին տպաքանակը»,-ընդգծեց գրականագետը:
Նիկողոսյանն ասաց, որ հանրությունը շատ է կարդում համաշխարհային գրականություն` Հերման Հեսսե, Ջորջ Օրուել, Ջեյն Օսթին: Նա շեշտեց, որ այս կամ այն գրքի վաճառքի գործում մեծ դեր են կատարում հեղինակություն վայելող մարդիկ, որոնք տարբեր հարթակներում, երբեմն, բարձրաձայնում են իրենց սիրած գրողների, գրքերի անունները:
Source: Yerkir Media
Link: Արքմենիկ Նիկողոսյան․ «Մեր երկրում ընթերցասերներ կան»