Նոր ուսումնական տարում Գյումրիի հանրակրթական դպրոցների մոտ 150 աշակերտ «Ինֆորմատիկա» առարկայի դասերը կանցկացնի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում: Այս մասին օգոստոսի 25-ին տեղի թիվ 21 դպրոցում տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:
«Հուրախություն բոլորիս, նոր ուսումնական տարում, այն դպրոցները, որոնք ունեն համակարգիչների կարիք, նախնական պայմանավորվածության համաձայն, 9-րդ դասարանների «Ինֆորմատիկա» առարկայի դասերը կանցկացնեն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ու ուսուցիչները դասերը կանցկացնեն տեխնոլոգիական կենտրոնի մասնագետների հետ»,- նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ նախնական ծրագրով սա կիրականացվի Գյումրիի դպրոցների համար, իսկ հետագայում, արդյունավետությունից ելնելով՝ նաև մարզի գյուղական համայնքներում:
«Սա շատ տրամաբանական է քանի որ դպրոցներում համակարգիչները, մեղմ ասած, չեն բավարարում այսօրվա պահանջներին: Շատ դպրոցներ են այդ վիճակում»,- նշեց Հրայր Կարապետյանը՝ խոսելով ոչ միայն դպրոցների համակարգչային բացերի, այլ նաև առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորման մասին:
Վարչության պետը նաև անդրադարձավ դպրոցների սպորտդահլիճների, մանկավարժների, դպրոցների տնօրենների ու փոխտնօրենների պատշաճ տեսքի կարևորությանը:
Source: Yerkir Media
Link: Գյումրիում աշակերտները «Ինֆորմատիկա»-ի դասերը կանցկացնեն քաղաքի տեխնոլոգիական կենտրոնում