«Ես չեմ հավատում անձնավորված պայքարին»․ Աղվան Վարդանյան
March 26, 2018
Այսօր Ազգային ժողովում ընթացող ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ի պատասխան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարի կազմակերպման մասին հարցին, հայտարարեց, որ Հայաստանում փողոցային պայքարի արդյունավետության հիմքն ու դրա համար անհրաժեշտ ռեսուրսը բացակայում է:
«Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է որոշում պայքարի իր մեթոդներն ու առաջնահերթությունները: Ես չեմ հավատում անձնավորված պայքարին, և համակարգը պարտադրելու է իր լուծումները: Երբ մենք ընդունում էինք նոր Սահմանադրությունը, և շատ քաղաքական ուժեր չէին մասնակցում դրան կամ դեմ էին դրան, մենք այն ժամանակ էլ ասում էինք՝ անկախ ձեր վերաբերմունքից, մենք ապրելու ենք այս Սահմանադրության պայմաններում, որում ակնհայտ էր, որ վարչապետի թեկնածություն առաջադրելու իրավունք է ունենալու խորհրդարանական կայուն մեծամասնությունը: Թող փորձեն՝ առաջին անգամը չէ, բայց ես Հայաստանում ոչ միայն փողոցային պայքարի արդյունավետության հիմքը չեմ տեսնում, այլև՝ ռեսուրսը չեմ տեսնում, բայց ամեն մեկը յուրովի է պատկերացնում իր անելիքները»,- հայտարարեց Վարդանյանը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը անփոխարինելի անձ է, Վարդանյանը նկատեց. «Անփոխարինելի մարդիկ չկան ու չեն էլ լինում ընդհանրապես, բայց լինում են որոշակի ժամանակահատվածներ, երբ փորձը, գիտելիքներն ու հմտությունները կարող են ծառայել ու օգտակար լինել պետական շահերին: Մենք այսօր քաղաքական մեծամասնություն ունենք, կոալիցիոն համաձայնագիր, որում սևով սպիտակի վրա գրված է՝ վարչապետի թեկնածության առաջադրումը վերապահված է Հանրապետական կուսակցությունը, որը բխում է Սահմանադրությունից, իսկ Սահմանադրությունը մեր կյանքն է կարգավորում, ուրիշ տարբերակ չկա»: