Խոզի ազդրամսից մինչև հնդկահավ ու խորոված կոկորդիլոս. տարիների ընթացքում ամանորյա սեղանի ճոխությունն ահռելի չափերի է հասել: Ներկայիս ամանորյա հայկական ուտեստները գրեթե անհամեմատելի են հայկական տոնական ու ծիսական ուտեստների հետ:
Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարությունների համար մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից: Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը (օգոստոսի 11) համարվում էր պահքի օր:
Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված Տարի հացը, որի մեջ դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:
Ամանորյա սեղանին դրվել են պասին առնչվող կերակուրներ՝ պասուց տոլմայի տարբերակներ, լոբով, բանջարեղենով աղցաններ եւ այլն: Բացի այդ՝ Ամանորի սիրված ուտեստներից է եղել հարիսան: Սեղանին պարտադիր դրվել է նաեւ ընկույզ, կաղին, նուշ, չոր ու թաց մրգեր, քաղցր ու թթու պաստեղներ:
Source: Yerkir Media
Link: Թե ինչպես ամանորյա համեստ սեղանները վերածվեցին ուտելիքների «ցուցահանդեսի»