Կանադայի խորհրդարանում տոնել են Հայաստանի Անկախության տարեդարձը
September 22, 2016
Կանադայի խորհրդարանում տոնել են Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը: Միջոցառումը կազմակերպել էր Հայ դատի Կանադայի գրասենյակը: Տոնական միջոցառմանը ներկա էին շուրջ 50 նախարարներ, խորհրդարանի անդամներ, սենատորներ և այլ հյուրեր:
Շնորհավորանքի խոսքերով հանդես են եկել Կանադայի խորհրդարանի անդամներ Հարոլ Ալբրեհտը (հայ-կանադական խորհրդարանական բարեկամական խմբի նախկին նախագահ), Առնոլդ Չանը (հայ-կանադական խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ), Ալեքսանդր Բուլվերիսը (հայ-կանադական խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ), ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:
Հատուկ երկլեզու` անգլերեն և ֆրանսերեն ելույթով է հանդես եկել սիրիահայ ուսանող Կարեն Սերդարյանը, ով հաստատվել է Կանադայում երկու տարի առաջ, իսկ այժմ Մոնրեալի Սուրբ Հակոբ հայկական դպրոցի սան է: Ներկայացնելով սիրիական պատերազմից փախած իր ընտանիքի պատմությունը` նա իր անսահման երախտագիտությունն է հայտնել Կանադայի կառավարությանն այդ երկրում իր և հազարավոր այլ ընտանիքներին հաստատվելու հնարավորություն ընձեռելու համար: