yerkir.am-ԱԺ-ում քննարկվեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացված ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որին գլխադասային հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն:
Հիմնական զեկուցող՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց առաջարկությունը շատ պարզ է` հանել տարածքային ցուցակները, վերացնել ռեյտինգային ընտրակարգը:
«Այս Ընտրական օրենսգրքով գնալ հաջորդ ընտրություններին՝ նշանակում է ունենալ հերթական այլասերված ընտրությունները»,- ասաց նա։
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս ընդգծեց, որ այս փոփոխությունը կարող է հաջողվել, եթե համաձայնեցված լինի:
«Մենք պետք է շարունակենք գործընթացը` հասնելու համաձայնության: Այս ընտրակարգը համարում ենք հակաժողովրդավարական: Սա պետք է փոխվի»,- ընդգծեց նա:
Հարցը դրվեց քվեարկության, և բացի ՀՀԿ-ից՝ մյուս խմբակցությունները կողմ քվեարկեցին: Այդուհանդերձ նախագիծը չընդունվեց ձայների 39 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ:
Source: Yerkir Media
Link: ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները «կողմ» քվեարկեցին, բայց…