Հուրգադայում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում, հետևաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
-Հուրգադայում տեղի ունեցած միջադեպից հետո արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը պատրաստվում է զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց։
-Ոչ, նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիրեում ՀՀ դեսպանության՝ Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում։ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հուրգադայի հյուրանոցներից մեկում օրեր առաջ հարձակում է եղել զբոսաշրջիկների վրա: Տուժածների թվում նաեւ հայեր կան:
Source: Yerkir Media
Link: Հուրգադայում հարձակումից հետո ՀՀ ԱԳՆ-ն Եգիպտոս չայցելելու զգուշացում չի անի