Այսօր Երեւանում, երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 61 տարեկան հասակում մահացել է քաղաքագետ, Արցախյան շարժման ակունքներում կանգնած Իգոր Մուրադյանը: Տեւական ժամանակ նա Միացյալ Նահանգների կլինիկաներից մեկում բուժում էր ստանում, իսկ Հայաստան օրեր առաջ էր վերադարձել:
Իգոր Մարատի Մուրադյանը ծնվել էր Օդեսայում, տնտեսագիտական կրթություն ստացել Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտում, տնտեսական գիտությունների թեկնածու էր: Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց հետո՝ 1986-87թթ-ին, ակտիվ աշխատել է Ղարաբաղյան հարցի արծարծման ուղղությամբ: Եղել է 1987-88թթ-ի առաջին հանրահավաքների կազմակերպիչներից մեկը, «Ղարաբաղ» կոմիտեի հիմանդիրներից, նաեւ՝ կոմիտեի համակարգող:
Կոմիտեում եղած տարաձայնությունների պատճառոց հեռացել էր այդ կառույցից, սակայն ակտիվ դերակատարություն ունեցել ինքնապաշտպանական գործողություններում, այդ թվում՝ Գանձակի հայության կազմակերպման եւ փրկության աշխատանքներում: 1990-1995 թթ-ին եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր, Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Տեւական ժամանակ՝ 1989թ-ից, անդամակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: Վերջին տարիներին հեռանալով ակտիվ քաղաքականությունից՝ զբաղվել է վերլուծական գործունեությամբ, աշխատել միջազգային տարբեր հրատարակությունների եւ կառույցների հետ:
Source: Yerkir Media
Link: Մահացել է Իգոր Մուրադյանը