«Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի ծրագիրը կոտրում է կարծրատիպերը. փոխնախարար

April 4, 2018

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով «Մասրիկ-1» 55ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի համար հայտարարված մրցույթի արդյունքները, նշեց, որ ծրագիրը կոտրում է առկա կարծրատիպերն արևային էներգետիկայի ոչ մատչելի լինելու վերաբերյալ։

Մրցույթի հաղթողը իսպանա-հոլանդական խոշոր ընկերություն է (նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիում), որը նորարարական լուծումներ է առաջարկել կառուցվելիք կայանի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Փոխնախարարի խոսքով՝ մրցույթը բացառիկ է նաև այն առումով, որ կայանը կառուցվելու է բացառապես մասնավոր ներդրումների հաշվին։

Կայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 20 դրամ է կազմելու, և պետությունը երաշխավորում է, որ 20 տարի ՀԷՑ-ը հենց այս սակագնով է գնելու թողարկված էլեկտրաէներգիան։

Փոխնախարարը նշեց, որ այս տարի կնքվելու են ծրագրում ներգրավված բոլորի կողմերի հետ համապատասխան պայմանագրերը, իսկ 2019թ-ին մեկնարկելու և մինչև տարեվերջ ավարտվելու են կայանի շինարարական աշխատանքները։

 

Source: Yerkir Media
Link: «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի ծրագիրը կոտրում է կարծրատիպերը. փոխնախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image