Ռազմական օդաչուները պատրաստ են հարկ եղած դեպքում ուսումնական թռիչքները փոխարինել մարտականով
June 30, 2018
Հայկական ռազմական ավիացիան 26 տարեկան է: Թեեւ հունիսի 26-ն է զինված ուժերի տոնացույցում նշվում որպես ռազմաավիացիոն ուժերի օր, բայց տոնական միջոցառումները տեղի են ունեցել այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում: 1992 թվականի հունվարից նորաստեղծ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի եւ Հակաօդային պաշտպանության զորքերի համատեղ վարչությունը: Հետագայում ավիացիայի վարչությունն առանձնացվել է Հակաօդային պաշտպանության վարչությունից եւ դարձել առանձին կառույց, ստեղծվել են առանձին ավիացիոն զորամասեր եւ ստորաբաժանումներ:
Երեւանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում մի խումբ զինվորականներ են պարգեւատրվել, նաեւ կազմակերպվել է ավիացիոն տեխնիկայի ցուցադրություն: Ռազմական օդաչուները հավաստիացրել են՝ իրենք ամեն պահի պատրաստ են հարկ եղած դեպքում ուսումնական թռիչքները փոխարինել մարտականով եւ պաշտպանել Հայաստանի օդային սահմանը: