Սիլիկոնային հայացքով աղջիկը

September 4, 2017

Երթուղայինում նստած աղջիկը երկար նայում է ձեռքի ափի մեջ թաքցրած հայելուն, զննում սիլիկոնային շուրթերի կառուցվածքը, դիրքեր փորձում հերթական հաջողված սելֆիի համար: Հայացքը մտահոգ է. սիլիկոնի ժամկետն ուր որ է կլրանա, իսկ շուրթերի թեքությունն ու ստեղծված անհամաչափությունը  գեղեցկության հետ անհամատեղելի են:

Բնության դեմ պայքարող ինչպիսի «համաչափություն»՝ ներկած աչքեր՝ զուրկ որևէ արտահայտությունից, հատուկ գծագրված  քիթ, կարելի է ազգովի շնորհակալություն հայտնել պլաստիկ վիրաբույժին և փոքր-ինչ անշնորհակալ շուրթեր, որ անտեսելով ներդրված միջոցները, ծեր ու բողոքավոր կնոջ նման որոշել են ժամանակից շուտ ծռմռվել: Այդ «օրինաչափության» մեջ ամենաշոշափելին , թերևս, սիլիկոնային հայացքն է՝ ոչինչ չասող, երբեք չմտածած, չզգացած, չոգևորված, չտխրած, չապրած…

Տարեկան քանի՞ մարդ է դիմում տարբեր վիրաբուժական ու իբր գեղեցկացնող միջամտությունների, քանի՞ մարդու այլևս չի բավականացնում այն, ինչ պարգևել է Աստված: Արդյո՞ ք արական սեռը գնահատում է գումար և միջոցներ չխնայած գեղեցկությունը:

Ցավալին այն է, որ երթուղայինի ծռմռված շուրթերով անծանոթուհին միակը չէ, շատ են, ավելի շատ են։

«Զուտ այդ երևույթը չեմ ընկալում, չնայած, ճիշտն ասած, ոչ միշտ եմ գլխի ընկնում, որ շուրթերը արհեստական են, բայց հասկանալու դեպքում էլ հաճելի չէ, այնպես չէ, որ զզվում եմ կամ չեմ ուզում այլևս նայել, բայց, մի տեսակ, արհեստականություն եմ զգում,  ինչը լավ չէ»,-ասում է Գևորգ Արշակյանը:

Արշակ Պողոսյանն էլ միշտ կարևորել է կանացի անշպար, բնական գեղեցկությունը. «Երբ տեսնում եմ «գռեհիկ» ստացված կանացի լցրած շուրթեր, անկախ ամեն ինչից զզվանք եմ զգում: Կան դեպքեր էլ, որ լավ է ստացվում, մտածում եմ՝ գեղեցիկ աղջիկ է՝ մայր, կին: Պարզապես պետք է  ամեն ինչ ներդաշնակ լինի»:

«Վատ չեմ վերաբերվում, երբ տարբեր խնդիրների հետ կապված պլաստիկ վիրահատություններ են կատարվում: Սակայն փորձել արհեստական կերպով գեղեցկանալ՝ չեմ ընդունում: Յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի. այդպես է ստեղծվել բնությունից: Ամենևին էլ անհրաժեշտ չէ՝ փորձել գեղեցիկ երևալ: Պետք չէ բարդույթավորվել և գեղեցիկ երևալ արհեստական միջոցների հաշվին, որոնք բոլորս էլ գիտենք, որ ժամանակավոր է»,-ասում է Էդգար Մանուկյանը:

«Աստղիկ» բժշsilikon4կական կենտրոնի  պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Էմիլ  Ենգիբարյանը փաստում է, որ տարեցտարի պլաստիկ  տարբեր վիրահատությունների համար  դիմող հիվանդների թիվն ավելանում է, դրանից հետ չեն մնում նաև շուրթերի ծավալի մեծացման հետ կապված միջամտությունները:

«Կա վիրահատական միջամտություն, բայց մենք հիմնականում օգտագործում ենք ներարկումների տարբերակը,-նշում է բժիշկն ու հավելում,-շուրթերի ներարկումը ռիսկային չէ, այն որևէ վտանգ չի ներկայացնում հիվանդի համար»:

Ըստ բժշկի՝ ներարկման արդյունքը պահպանվում է մինչև 8 ամիս, դրանից հետո գործընթացը պետք է  կրկնել:

Էմիլ Ենգիբարյանը նշում է, որ շուրթերի ծավալի մեծացման  համար դիմում են հիմնականում 18-50 տարիքային խմբի իգական սեռի ներակայացուցիչները:

Մինչ կավարտեի հոդվածս՝ համացանցում մեծ արագությամբ տարածվեց հուսահատ դեմքով, պաստառը ձեռքին պահած մի երիտասարդի լուսանկար, որի վրա գրված էր՝ «փնտրում եմ աղջիկ՝ առանց այֆոնի՝ բնական քթով և շրթունքներով»:

Գեղեցկության ընկալումները տարբեր են, գեղեցիկ լինելն էլ՝ յուրովի…

Source: Yerkir Media
Link: Սիլիկոնային հայացքով աղջիկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image