Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Նախարարի ուշադրության կենտրոնում էին մարզի ճանապարհաշինական ծրագրերը: Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր գյուղերը կապող համայնքային նշանակության ճանապարհը տարիներ շարունակ անանցանելի էին: Նախարարի նախորդ այցի ընթացքում, համայնքների ղեկավարները բարձրաձայնել էին խնդիրը եւ խնդրել լուծումներ գտնել:
Որպես ժամանակավոր այլընտրանքային լուծում՝ որոշվել է կիրառել ճանապարհի վերականգնման ավազակոպճային եղանակը: Համայնքների ղեկավարներն ու բնակիչները գոհ են կատարված աշխատանքից, քանի որ հիմա արդեն կարող են գյուղմթերքը տանել վաճառքի, որը նախկինում անհնար էր:
Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի քաղաքին կապող հիմնական ավտոճանապարհի հիմնանորոգումն էլ ավարտված է: Հիմնանորոգվում է նաեւ մարզի Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-Ծակ-քար համայնքները շրջկենտրոնին կապող ճանապարհը: Սակայն, անկախ ամեն ինչից, ժամկետի խախտման համար շինարարը ստիպված կլինի պայմանագրով նախատեսված տույժերը վճարել: Նախարարը կապալառու կազմակերպությանը հանձնարարեց արագացնել տեմպերն ու մինչեւ նոյեմբերի 15-ն ամբողջությամբ ավարտել շինաշխատանքները:
Source: Yerkir Media
Link: Վահան Մարտիրոսյանը հետեւել է Գեղարքունիքի ճանապարհաշինական ծրագրերին