Վաղը տոնը կգնա մայրաքաղաքից , կտեղավորվի ստվերաթղթե արկղների մեջ ու մինչեւ դեկտեմբեր կմնա մի խուլ անկյունում , մթության մեջ: Անարդար է. մութ անկյունում է մնալու, բայց իր գործը քաղաքը գունավորելն ու լուսավորելն էր: Մի տեսակ դժվար եմ բաժանվում տոնական զարդարված , լուսավոր քաղաքից՝ այսպես քաղաքն ավելի ուրախ է թվում, մարդիկ էլ երջանիկ՝ հեքիաթում կարծես լինենք , իսկ ով չի ուզի հեքիաթում երկար մնալ: Տոնը քաղաքից մենակ լույսն ու զարդարանքը չի տանելու, քիչ –քիչ մենք էլ կվերադառնանք մեր առօրյա կյանքին ու այլեւս ժամանակը չի հերիքի մեկ- մեկ հյուր գնալ հարազատ մարդկանց, զանգահարել, շնորհավորել, զրուցել…
Ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեսքին, տարին նոր է, բայց իրականում մի թիվ է փոխվել: Վաղը տոնը կգնա մայրաքաղաքից, անսովոր կլինի` լուսավոր քաղաքը նորից տեսնել իր նախկին մթության մեջ, բայց մի քանի օր անց այդ մթությունն էլ կդառնա սովորական, հեքիաթը ՝ անսովոր: Մի տեսակ հեշտ բան է դարձել տոնը քաղաք բերել ու տանել: Դժվարը տոնը մեր ներաշխարհ բերելն է, երբ այնտեղ է որոշում տեղավորվել, երկար է մնում ու դառնում է մերը, ոչ թե՝ քաղաքինը:
Source: Yerkir Media
Link: Վաղը տոնը կգնա մայրաքաղաքից