Վարչապետ․ «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը մեզ համար բեկումնային է լինելու

March 25, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի գործունեությունը:

Հունվարին ռուսաստանաբնակ գործարարները խոստացել էին աջակցել Հայաստանում բարեփոխումների գործընթացին: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այս ակումբի յուրաքանչյուր անդամ իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն եւ Հայաստանում որակ են փոխելու: Իսկ ակումբը կամուրջ կդառնա մեր ու այլ երկրների միջեւ: Հայաստանի ներդրողների ակումբը կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է, որի նպատակը տնտեսության զարգացմանն աջակցելն է:

«Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ և մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ: Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ: Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20-30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջև, քան մենք ունենք: Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ և ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել: Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»,- նշել է վարչապետը։

Source: Yerkir Media
Link: Վարչապետ․ «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը մեզ համար բեկումնային է լինելու

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image