Վրաստանում «Իգլա»-ի գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ)
March 28, 2017
Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները Թբիլիսիում մարտի 27-ին ձերբակալել են Հայաստան «Իգլա» բերելու գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու:
Ինչպես տեղեկացրին Վրաստանի ՆԳՆ-ից, 1977 թվականին ծնված Ռոբերտ Ա.-ն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետի և 235.1 հոդվածի 2-րդ կետի առաջին մասով հարուցված քրգործի շրջանակում գտնվում էր հետախուզման մեջ:
Քրեական գործը մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է ծանրացուցիչ հանգամանքներում ապօրինի կերպով ռազմամթերք, այդ թվում՝ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ, ձեռք բերելու, պահելու, Վրաստանից Հայաստան փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են ևս 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։