Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները. Շահան Գանտահարյան

Մեծանուն Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ընթացքում պաշտոնական Փարիզը համամարդկային արժեքների առումով համայն աշխարհին կարեւորագույն ուղերձներ փոխանցեց՝ մշակութային արժեքաբանության, բայց նաեւ փախստականների հյուրընկալման, ինտեգրման միջավայրի ստեղծման, Ցեղասպանության ժխտման դատապարտման եւ, ընդհանրապես, մարդու իրավունքների հարգման սկզբունքների առումով։

Քաղաքական առումով դիտարկելի որոշ երեւույթներ արժե արձանագրել այս առիթով: Ազնավուրի հոգեհանգստին թե′ Ֆրանսիայի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միասին մուտք գործելը, երկու երկրների օրհներգերը հնչեցնելը, երկրների առաջին դեմքերի խոսքերը, դագաղը պարուրած Ֆրանսիայի դրոշին առընթեր հայկական եռագույնով ծաղկեպսակի տեղադրումը եւ, մանավանդ, նախագահ Մակրոնի խոսքում Հայաստանին ու հայությանը հատկացված բաժինը անցան Ազնավուրի հայկական ծագմանը, նրա բերած անգնահատելի նպաստին ֆրանսիական մշակույթին, համամարդկային արժեքների ջատագովության սահմանները: Այդ բոլորի քաղաքական առանցքը շեշտակիորեն վերաբերում էր ազնավուրյան կամրջին` հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին:

Եվ հատկապես պաշտոնական Փարիզը` հանրապետության նախագահով, կառավարության անդամներով, արարողակարգով, զինվորական պահակագնդով եւ հարակից երգչախմբով Ազնավուրի մեծարման ճանապարհով ընդգծեց ոչ միայն հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր անցյալի վրա հիմնված իրականությունը, այլ նաեւ քաղաքական առումով լուսավորեց երկու հանրապետությունների միջեւ կայացած միջպետական հարաբերությունների փաստը:

Այդ հարաբերությունները անցյալ ուղի չեն միայն, ուր հատկապես երկրաշարժի առիթով մեկնարկած՝ Ազնավուրի կազմակերպած համաշխարհային բազմաբնույթ օժանդակությունները նպաստեցին դեպի անկախություն աննահանջ երթ որոշած մեր երկրի աշխարհի ճանաչողությանը: Այդ հարաբերությունները ներկա են եւ դեպի ապագա նայող հեռանկարային ընթացք, որը ավանդություն ունի եւ որը ամեն կարեւոր հանգրվանի զգալի  է դարձնում երկու պետությունների քաղաքական բազկերակի զարկերին ներդաշնակ կշռույթները:

Ֆրանկոֆոնիայի համաժողովի կայացումը Երեւանում, Փարիզ-Երեւան միջպետական հարաբերությունների անցած ուղու արգասիքն է, որքան էլ քաղաքականորեն հասկանալի լինի Ֆրանսիայի տարածաշրջանում ներկայության միտող քայլերի ընդհանուր շրջածիրում նման որոշման դիտարկումը:

Այս բոլորի արժեւորումը ուղղակի եւ անուղղակի կկատարվի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում: Կարժեւորվեն դեռեւս հատկապես Երեւան-Բրյուսել համաձայնագրերի վավերացման, իրականացման եւ դեպի Եվրոպա տարբեր բնագավառների ուղղությամբ ինտեգրման շեշտակի քայլեր առնելու Երեւանի պատրաստակամության մեջ` Փարիզի ունեցած դերակատարությունը:

Քաղաքական հոգեհանգստում կատարվեցին այս բոլորի նախադրյալների ընդգծումները։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Source: Yerkir Media
Link: Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները. Շահան Գանտահարյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image