Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ռ. Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին
January 5, 2018
Հունվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ Սուրբ Ծննդյան տոնի առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող մանուկներին։
Նորին Սրբությունը պրոֆեսոր Ս. Դաղբաշյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արյունաբանական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին: Այնուհետև Վեհափառ Հայրապետն այցելել է մանկական խաղասենյակում հավաքված մանուկներին և նրանց ծնողներին՝ շնորհավորելով Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով։
Գարեգին Բ Կաթողիկոսը, խոսելով Սուրբ Ծննդյան խորհրդի մասին, ընդգծել է, որ Աստված իր սերը և առատ շնորհները բոլորին է բաշխում ըստ իրենց կարիքների՝ պայծառակերպելով ամենքի կյանքը։ Վեհափառը հորդորել է փոքրիկներին այդ հավատով ու հույսով լցվել և մաղթել շուտափույթ ապաքինվելով՝ վերադառնալ իրենց բնականոն կյանքին։
Կենտրոնի տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին այցի առիթով՝ կարևորելով եկեղեցու և կենտրոնի միջև ձևավորված գործակցությունը և պարբերաբար ցուցաբերվող աջակցությունը։