Այսօր ազատամարտիկ, Պռոշյանի սպանված գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է:
Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին Ղամշլիում` Սիրիա։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր:
1989-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։
1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի` Կարոտի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչև Ֆիզուլի։
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։
2013-ի ապրիլի 2-ին Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:
Դեպքից երկու օր անց` ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Սակայն որոշ ժամանակ անց երկուսն էլ ազատ արձակվեցին:
Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Առ այսօր գործով այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում:
Source: Yerkir Media
Link: Այսօր Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է