Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան

March 15, 2018

Ավստրալիայում գտնվող՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է  Նոր Հարավային Ուելսի խորհրդարան: Այնտեղ հանդիպումներ է ունեցել Նոր Հարավային Ուելսի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի հետ: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:  Ներկա էր նաև Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Հանդիպումը նախագահում էր խորհրդարանի անդամ, Ավստրալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ջոնաթան Օ’Դեան: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին կանգնելու համար` ճանաչելով նրանց անկախությունը և ինքնորոշման իրավունքը: Նա հատկապես շնորհակալություն է հայտնել Ջոնաթան ՕԴեային, Հյու Մակ Դերմոտին, Դամիեն Թյուդհոփին` մեկ ամիս առաջ խորհրդարանում Սումգայիթի ջարդերի 30-ամյակի հետ կապված ելույթի համար:

Արայիկ Հարությունյանը եղել է նաև Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի հարակից Խաղաղության այգում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ 1997 թվականին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և իր որոշումը վերահաստատել է 2013 թվականին:

Ավստրալիայի ամենամեծ նահանգը 2012 թվականի հոկտեմբերին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Source: Yerkir Media
Link: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image