Բեսլանի ավտովթարից տուժած մեր վերջին քաղաքացին տեղափոխվել է Հայաստան

Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած մեր համաքաղաքացին երեկ տեղափոխվել է Հայաստան։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բազմակի վնասվածքներ ստացած Լոռու մարզի 26-ամյա բնակչի վիճակը գտնահատվել էր ծանր։ Երիտասարդն անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել էր նախ Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական, ապա Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում։ Մի քանի վիրահատության ենթարկվելուց հետո նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Արդյունքում, բժիշկները տուժածի տեղափոխումը հնարավոր են համարել։

Նախարարությունից հիշեցնում են,  որ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան մեր հայրենակցին դիմավորել է Լարսում։ Այժմ կենտրոնի բժիշկները հետազոտություններ են իրականացնում տուժածի հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով։

Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից Հայստանի Հանրապետության 15 քաղաքացի տեղում` ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ ինքնաթիռով տեղափոխվել էին Հայաստան։ Ռուսաստանի Դաշնությունում բուժումը շարունակած Հայաստանի 4 քաղաքացիներից 3-ն ավելի վաղ էին տեղափոխվել հայրենիք։


Source: Yerkir Media
Link: Բեսլանի ավտովթարից տուժած մեր վերջին քաղաքացին տեղափոխվել է Հայաստան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image