Գյումրիում եւ Վանաձորում հոկտեմբերի երկուսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարծես նոր ընտրական օրենսգրքի կիրառման առաջին փորձաքարն են: Նախկին օրենսգիրքն ասում էր՝ Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, Տեղական Ինքնակառավարման Մարմինները, բացառությամբ Երեւանի քաղաքապետի, ընտրվում են անմիջականորեն: Նոր օրենսգրքում Երեւանին միացան նաեւ Գյումրին եւ Վանաձորը: Երկու քաղաքներում էլ ընտրություններն առաջին անգամ կայանալու են նոր ընտրակարգով. նախ անցկացվելու է ավագանու ընտրություն, ապա այդ ավագանու կազմից ընտրվելու է քաղաքապետը:
«Վերջին սահմանադրական փոփոխություններով սահմանվում է, որ հայանքի ղեկավարը կարող է ընտրվել ուղղակի կամ անուղղակի, ավագանու դեպքում հստակ ուղղակի ընտրություններ են սահմանվում: Իմ կարծիքով սա ընտրական համակարգի անկայունություն է, որովհետեւ ենթադրենք հիմա ԱԺ-ում կձեւավորվի մեկ քաղաքական մեծամասնություն, նրանք կհամարեն, որ նպատակահարմար է ուղիղ ընտրական համակարգը: Հետո նոր ընտրաշրջանում նոր ԱԺ մեծամասնություն կլինի, եւ կորոշեն հակառակը: Սա անկայուն է դարձնում ընտրական համակարգը տեղական ինքնակառավարման ոլորտում: Ցանկալի կլիներ, որ սա հստակ սահմանադրական երաշխիք ունենար: Ուղիղ ընտրություններից հրաժարումը ցանկալի չէ, չնայած դեմոկրատիայի սկզբունքները պահպանվում են՝ ըստ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի»,- ասում է Հայաստանի համայնքների միության նախագահ եւ Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը:
Ավագանու ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն Ազգային Ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները: Փաստացի ավագանու կազմում մեծամասնություն ձեւավորած կուսակցության թեկնածուն էլ կդառնա Գյումրիի կամ Վանաձորի քաղաքապետը: Սա դժգոհությունների առիթ է դարձել. շատերը նշում են, որ նոր ընտրական օրենսգրքով քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները դուրս են մնում պայքարից եւ խիստ կուսակցականություն է իրականացվում:
Source: Yerkir Media
Link: Գյումրին ու Վանաձորը՝ նոր ընտրական օրենսգրքի կիրառման առաջին փորձաքար