Դուբայի մանկական կենտրոնը տուգանվել է Քիմ Քարդաշյանի այցի համար

January 25, 2017

Հաշմանդամ երեխաների համար նախատեսված Rashid Centre կենտրոնը տուգանվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին ընդունելու և այցելությունն առանց Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական զարգացման նախարարության հետ համաձայնեցնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Khaleej Times պարբերականին։

Ինչպես հայտնում է պարբերականը, նախարարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է այս իրավիճակի հետաքննությամբ։

Դուբայ կատարած այցելության ժամանակ Քարդաշյանը հանդիպել է Rashid Paediatric Therapy Centre կենտրոնի երեխաներին և շապիկներ նվիրել նրանց։

Նախնական տեղեկություններով` կենտրոնը ժամանակ չի ունեցել այս այցի մասին նախարարությանը տեղեկացնելու համար, քանի որ Քարդաշյանը խնդրել է ԶԼՄ-ներին չհայտնել իր այցի մասին։ Այդուհանդերձ, կենտրոնը պարտավոր էր համաձայնեցնել Քարդաշյանի լուսանկարահանումը երեխաների հետ, հատկապես այն շապիկներով, որոնք նա բերել էր իր հետ։

Նախարարության ներկայացուցչի խոսքով` համաձայնեցումը կենտրոնի երեխաների մասնավոր կյանքի պահպանման միջոցներից մեկն է։ Օրենքի համաձայն` Դուբայում վերականգնողական կենտրոններին և հասարակական կազմակերպություններին արգելված է բարեգործական գումարներ ստանալ։ Գումար փոխանցելու կամ ԶԼՄ-ների լուսաբանման հետ կապված այցելություններից առաջ այդ կազմակերպությունները պետք է նախապես գրավոր համաձայնություն ստանան իշխանությունից։

Նախարարության ներկայացուցչի խոսքով` իրենք չէին հաստատի այդ այցը, եթե իրենց նախօրոք դիմեին, քանի որ այն չի համապատասխանում «ԱՄԷ ավանդույթներին ու սովորույթներին»։ Տուգանքի չափը չի նշվում։


Source: Yerkir Media
Link: Դուբայի մանկական կենտրոնը տուգանվել է Քիմ Քարդաշյանի այցի համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image