«Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ընդունվել է ոչ ճիշտ սակագին․ փորձագետ

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 դրամով: Այս մասին հայտնեց աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը` ներկայացնելով 2 ամսում էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության նախնական արդյունքները և դրա նվազեցման  հնարավորությունները:

«Առաջին հերթին, աշխատանքային խումբը գտնում է, որ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ընդունվել է ոչ ճիշտ սակագին: Երկրորդ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սխալ որոշումներ է կայացրել 2016 թվականին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կորուստների տոկոսը թողել է 2015 թվականի կորուստի չափով: Եթե 2015 թվականին կորուստը կազմել է 11.3  տոկոս, ապա հաջորդ տարիներին, օրինակ` 2016 թվականին՝ մոտ 9 տոկոս, 2017-ին՝ 8.8 տոկոս, իսկ այս տարվա առաջին կիսամյակում եղել է 8 տոկոս, սակայն հանձնաժողովի սակագնի հաշվարկի մարժայում 11.3 տոկոս է»,- ընդգծեց Արզումանյանը:

Ըստ փորձագետի` աշխատանքային խմբի մասնագետները հաշվել են, որ այդ տոկոսների տարբերության հետևանքով 2020 թվականին կորուստը կկազմի 6-8 միլիարդ դրամ:

«Ներկայումս այդ սխալ հաշվարկի, սխալ պլանավորման պատճառով 3.6 միլիարդ դրամ վնաս արդեն իսկ հասցվել է»,- ասաց Արզումանյանը:

Source: Yerkir Media
Link: «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ընդունվել է ոչ ճիշտ սակագին․ փորձագետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image