Ինչպես ճիշտ կողմնորոշվել դպրոցական ապրանքներ գնելիս

August 29, 2017

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, հաշվի առնելով երեխաների եւ դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաեւ ՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման եւ մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, եւ այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ։

Ուստի, ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է` հետեւել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին եւ վերացնել բացթողումները։

ՇՎՏՄ-ն կոչով նաեւ դիմում է սպառողներին՝ Ձեր եւ Ձեր երեխաների անվտանգությունը կարեւորելով, վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։ Ուշադրություն դարձրեք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

  • արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,
  • պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, վաճառողի անվանումը եւ գտնվելու վայրը,
  • արտադրատեսակի անվանումը եւ տեսակը (նշանակությունը),
  • պատրաստման ամսաթիվը,
  • արտադրանքի գործածության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
  • գործածության երաշխիքային ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
  • ապրանքային նշանը (առկայության դեպքում)։

Աշակերտական պորտֆելները եւ ուսապայուսակները պետք է ունենան դիմային եւ կողային մակերեւույթների վրա լուսարձակող տարրերով դետալներ եւ պատրաստված լինեն հակադիր գույներով նյութերից։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների համար աշակերտական ուսապայուսակները պետք է համալրված լինեն ձեւակայուն մեջքով։ Ուշադրություն դարձրեք նաեւ ներկվածքի կայունությանը։

Source: Yerkir Media
Link: Ինչպես ճիշտ կողմնորոշվել դպրոցական ապրանքներ գնելիս

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image