Լեհաստանը Գերմանիայից 850 միլիարդ դոլար է պահանջում

March 3, 2018

Լեհաստանը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի կողմից երկրին հասցված վնասի չափը գնահատում է շուրջ 850 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հսկայական, բայց արդարացված քանակի մասին ենք խոսում՝ ավերված գյուղերի ու քաղաքների, տնտեսության ու արդյունաբերության, մեր երկրի կորցրած դեմոգրաֆիական ներուժի համար»,- հայտարարել է Լեհաստանի Սեյմի փոխհատուցումների գծով հանձնաժողովի ղեկավար Արկադիուշ Մուլյարչիկը՝ նշելով, որ փոխհատուցումների հարցը մինչ օրս դեռ չի լուծվել:

Պատգամավորի կարծիքով՝ Ռուսաստանից փոխհատուցումներ պահանջելու իմաստ չկա, քանի որ վերջինս «միջազգային իրավունքը հաշվի չի առնում»:

Ավելի վաղ Լեհաստանի Սեյմի վերլուծական բյուրոն եկել էր այն եզրակացության, որ Վարշավան հիմքեր ունի Բեռլինից 48,8 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում պահանջելու, իսկ Գերմանիայի կառավարությունը ռազմատուգանքների հարցը փակված է համարում:

Հիշեցնենք, որ 1945թ.-ին Պոտսդամի կոնֆերանսում համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ Լեհաստանը փոխհատուցումներ էր ստանում ԽՍՀՄ-ին վճարվող ռազմատուգանքների բաժնից, իսկ մի քանի տարի անց ԽՍՀՄ-ի և Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության միջև կնքված համաձայնագրով Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կողմից ռազմատուգանքների վճարումը 1954թ.-ից դադարեցվեց:

 

 

Source: Yerkir Media
Link: Լեհաստանը Գերմանիայից 850 միլիարդ դոլար է պահանջում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image