«Հայաստանում այս պահին գիտությունն էապես առաջ է անցել տնտեսությունից». Սամվել Հարությունյան

September 24, 2016

Խորհրդային Հայաստանը միշտ համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածք եւ գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն, այդ տարիներին գիտության ասպարեզում Հայաստանը Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո զբաղեցնում էր երրորդ տեղը։ Անկախության հռչակումից հետո ինչ վիճակում է գտնվում գիտությունը։ Կրթության եւ գիտության նախարարության գիտական պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսում նշել է, որ Հայաստանում գիտության ոլորտին սկսեցին ուշադրություն դարձնել 2005-ից, երբ հանրապետությունը գրանցեց տնտեսական որոշակի աճ։

Հարությունյանի կարծիքով, Հայաստանում այս պահին գիտությունն էապես առաջ է անցել տնտեսությունից, այլ հարց է, որ գիտության ոլորտի նվաճումները չեն կիրառվում տնտեսության մեջ։ Պատճառն էլ, ըստ Հարությունյանի, այն է, որ մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում, սակայն Հայաստանը, Հարությունյանի պնդմամբ, կարող է վաճառել իր գիտական արդյունքը։

Խոսելով գիտության ոլորտում միջազգային կապերի մասին` Հարությունյանը նկատել է, որ այդ կապերը այսօր շատ զարգացած են։ Ի դեպ, գիտության ոլորտին այս տարի հատկացվել էր 14,3 միլիարդ դրամ։

«Գումարը քիչ չէ, սակայն ցանկացած գումար գիտության ոլորտում էլ քիչ է թվում, քանի որ գիտությունն այն ոլորտն է, որտեղ մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Հայաստանում կա մոտ 7000 գիտնական, որոնց շրջանում մեծ տոկոս են կազմում երիտասարդները: 7000-ից, ի դեպ, գիտությամբ ակտիվ զբաղվում է 4000-ը: Ճիշտ է, Հայաստանում շուրջ 3 անգամ ԽՍՀՄ-ից հետո նվազել է գիտնականների թիվը, սակայն իրավիճակը ողբերգական չէ, ավելին` գիտության ոլորտում զարգացման լուրջ միտումներ կան. գիտության ոլորտում Եվրոպայի հետ ասոցացվող պետություն ենք:»,-ասել է Հարությունյանը։

 


Source: Yerkir Media
Link: «Հայաստանում այս պահին գիտությունն էապես առաջ է անցել տնտեսությունից». Սամվել Հարությունյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image