Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման գործընթացին և հայ-բրիտանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև փոխգործակցության հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ և ավելացրել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են լինելու մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը:
Վարչապետի խոսքով՝ իշխանությունների քայլերն ուղղված են լինելու բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում առհասարակ, և մասնավորապես, բրիտանական ներդրումները դիվերսիֆիկացնելու կարևորությունը։
«Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար, իսկ կառավարությունը, յուրաքանչյուր քայլ իրականացնելիս, հաշվետու է լինելու հասարակությանը»,- ընդգծել է վարչապետը:
Դեսպան Ֆարնոուրթը նշել է, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման և այլ ուղղություններով։
Source: Yerkir Media
Link: «ՀՀ նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ»․ Նիկոլ Փաշինյան