Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը

Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 1000 հրապարակում:

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 16-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 12 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի ապահովմանը, այդ թվում՝ ընտրատեղամասերի անմատչելիությանը։

Ահազանգներ են ստացվել նաև նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման թերթիկ չստանալու և այլնի վերաբերյալ:

Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացիներին տրամադրել է խորհրդատվություն։ Ստացվել է մեկ ահազանգ, որն առանչվել է սահմանված ժամից ավելի ոստիկանության բաժնում անձին պահելու հետ. այս հարցով նախաձեռնված է քննարկման ընթացակարգ, որի մասին նախորդ հայտարարություններով տեղեկացվել է:

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արձանագրված հրապարակումները վերաբերել են տեղամասերի կահավորմանը, հանձնաժողովների անդամների վարքագծին և այլն: Արձանագրվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկների լուսանկարահանման և տարածման դեպքեր: Արձանագրվել են նաև տեղամասերի մոտակայքում կուտակումների և ընտրողների ուղղորդման դեպքեր, ընտրակաշառքի առնչվող գործով բնակարանում խուզարկություն իրականացնելու (ըստ հրապարակման՝ անհիմն) վերաբերյալ հրապարակումներ:

Առանձին ուշադրություն է դարձվել լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների մասին տեղեկություններին:

Source: Yerkir Media
Link: Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը