«System of a Down» խմբի մենակատար, աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին մասնակցեց Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին:
«Շատ հուզված եմ ձեր ընդունելությունից: Դուք ստեղծում եք հայ ազգի պարծանքին արժանի հայրենիք: Ողջ աշխարհը մեզ է նայում որպես դրական օրինակ»,- շեշտեց Թանկյանը:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հայ ժողովրդին ճանաչում էին Ցեղասպանությամբ ու երկրաշարժով, իսկ հիմա նաեւ` այս շարժումով, որը բարձրացնում է հայ ժողովրդի վարկանիշը:
«Սիրո ուժն է, որ հաղթահարում է բոլոր այլ ուժերը: Լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով: Խոնարհվելով ձեր առջև՝ եկել եմ ձեզ աջակցելու կառուցելու համար մեր երազանքների հայրենիք: Հիմա սկսվում է համբերության ժամանակը: Պետք է շարունակենք բարեփոխումներով, ներդրումներով»,- ընդգծեց աշխարհահռչակ երգիչը:
Նիկոլ Փաշինյանն էլ, ելույթ ունենալով հրապարակում, նշեց, որ լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի համար առաջադրման ժամկետը:
«Առաջադրված է ձեր առաջադրած թեկնածուն: Պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ կողմ քվեարկելու են ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը և Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ, այսինքն՝ ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ: Հայաստանի ժողովրդի ուրախությունը, երջանկությունն ու հզորությունը այլևս երբեք չպետք է պակասի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ օդանավակայանից հրապարակ գալու ճանապարհին համոզում էր Սերժ Թանկյանին մշտական բնակություն հաստատել Հայաստանում, իսկ վերջինս խոստացել է մտածել այդ մասին:
Source: Yerkir Media
Link: «Ողջ աշխարհը մեզ է նայում որպես դրական օրինակ»․ Սերժ Թանկյան