Ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները

June 7, 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր`  դիտարկելու  նախօրեի ուժեղ քամու  և կարկուտի պատճառով գյուղատնտեսությանը հասցված  վնասի չափերը: Փոխնախարարը մասնավորապես եղել է առավել մեծ վնասներ կրած Սիփանիկ, Արտիմետ, Խորոնք համայնքներում, զրուցել գյուղացիների և համայնքների ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դիտարկումների արդյունքներով՝ ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները, հիմնականում վնասվել են պոլիէթիլային թաղանթներ,  մետաղյա կոնստրուկցիաներ, ինչպես նաև լոլիկի և վարունգի բերքը:

«Խնդրել ենք, որպեսզի համայնքային և մարզային  հանձնաժողովները վնասների չափերը հաշվարկեն, ներկայացնեն հանրապետական հանձնաժողով, որտեղ դրանք կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն, որպեսզի հնարավորության դեպքում  գյուղացիներին օժանդակություն ցուցաբերվի՝ վնասը մեղմելու նպատակով»,- նշել է Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի կարկտահարության դեպքերն ավելի քիչ են եղել: Ուժեղ կարկուտ տեղացել է Սյունիքի մարզի որոշ համայնքներում, մնացած տեղերում՝ Շիրակում, Տավուշի, Արմավիրի մարզում  կարկտահարությունը հիմնականում թեթև վնասներ է հասցրել:

Աշոտ Հարությունյանը նաև կարևորել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա  ապահովագրել գյուղացիների աշխատանքը նման բնական աղետներից, որտեղ մարդկային գործոնը որևէ բան փոխելու առումով անուժ է:

Արտիմետ համայնքի ղեկավար Վարդան Միրզախանյանի խոսքով՝ բաց բնահողում մշակվող բույսերին քամին վնաս չի հասցրել, թեթևակի վնասվել են ձմերուկի ցանքատարածությունները, սակայն երկրորդ բերքի միջոցով հնարավոր է փոխհատուցել վնասը, ջերմոցային տնտեսություններին հասցված վնասի չափերը դեռևս ճշտվում են: Համայնքապետը հավելել է, որ Արտիմետում այս տարի հատկապես կարտոֆիլի բարձր բերք են ակնկալում:

Source: Yerkir Media
Link: Ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image