Վայոց Ձորի Ռինդ գյուղի բնակչուհի 48-ամյա Սիրանուշ Վարդանյանը գազանին ուշ նկատելու պատճառով անակնկալի է եկել ու չի կարողացել փախչել, ինչպես վարվել են գյուղից հեռու սարերում իր հետ մանդակ հավաքող համագյուղացիները:
Հսկա արջ հարձակվել է տիկին Սիրանուշի վրա: Դրանից հետո կինն ընկել է քարի վրա, ձեռքով պաշտպանել դեմքը ճանկռոցից, սակայն արջը բռնել է նրա ձախ թևն ու կոտրել: Տիկին Սիրանուշի անզուսպ գոռոցը մի պահ շփոթեցրել է արջին, ինչից հետո հավանաբար սարսափից մեծ ուժ ստացած կինը ոտքով գազանին հրել ու գլորելով գցել է ձորը: Տուժածին հետագայում տեղափոխել են Արտաշատի հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք: