Բեռլինում երեկ՝ մարտի 27-ին, ավարտվեց Շախմատի հավակնորդների մրցաշարը, որի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան։ Նա հավակնորդների մրցաշարում տոնեց 5 հաղթանակ, մեկ պարտիա տանուլ տվեց, իսկ 8 խաղում կիսեց միավորը եւ 14 հնարավորից հավաքեց 9 միավոր: Կարուանան իրավունք ստացավ մրցելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 9-28-ին՝ Լոնդոնում:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լեւոն Արոնյանը զբաղեցրել է վերջին տեղը։
Նրա կարծիքով՝ հավակնորդների մրցաշարը լավ մեկնարկ չունեցավ իր համար:
«Կրամնիկի հետ պարտիան ազդեց ամբողջ հետագա ընթացքի վրա: Իմ կյանքում մի նպատակ կա՝ իմ խաղով իմ ազգին ծառայել»,- Բեռլինում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արոնյանը:
Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց 6 պարտություն, մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և 7 պարտիայում կիսեց միավորը: