Ֆրանսիայում կրթական նոր փոփոխություններով՝ երեխաները 6 տարեկանի փոխարեն դպրոց կսկսեն հաճախել 3 տարեկանից, հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Փոփոխությունների արդյունքում Ֆրանսիան եվրոպական պետությունների շարքում կդառնա դպրոց հաճախելու համար ամենացածր տարիքային շեմն ունեցող միակ պետությունը։ Սակայն, ինչպես հաղորդվում է, այս փոփոխության հետևանքով քիչ թվով երեխաներ կտուժեն, քանի որ Ֆրանսիայում շատ ընտանիքներ արդեն իսկ իրենց երեխաներին երեք տարեկանում են դպրոց ուղարկում։
Մասնավորապես՝ երեխաների միայն 2.4%-ը չի ընդունվում դպրոց։ Նախագահ Մակրոնի խոսքով՝ այս փոփոխությունը միտված է կրթության ոլորտում առկա անհավասարությունը վերացնելուն, քանի որ Ֆրանսիայի ավելի աղքատ շրջաններում ու ափամերձ բնակավայրերում մարդիկ ավելի քիչ են փոքր տարիքում երեխաներին դպրոց ուղարկում։
4 տարեկանում երեխաները դպրոց հաճախում են Հյուսիսային Իռլանդիայում։
5 տարեկանում՝ Կիպրոսում, Անգլիայում, Մալթայում, Շոտլանդիայում և Ուելսում:
Տարիքային շեմը 6 է սահմանված Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Խորվաթիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լիխտենշտեյնում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Թուրքիայում:
Իսկ 7 տարեկանում դպրոց են հաճախում Բուլղարիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Սերբիայում և Շվեդիայում:
Source: Yerkir Media
Link: Ֆրանսիայում երեխաները դպրոց կհաճախեն 3 տարեկանից