«Այս անգամ մոտեցումը բոլորովին այլ է, դուք կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ, տաղանդավոր դեմքեր»․ ՀՀ անկախության տոնի միջոցառումները

Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների կիզակետը լինելու է Երևանի Հանրապետության հրապարակը: Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները հասանելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, իսկ ավտոմեքենաների համար կփակվեն: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ընդգծելով, որ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ որոշել են անկախության տոնին նվիրված միջոցառումների իրազեկման ասուլիսը կազմակերպել հենց Հանրապետության հրապարակում:

Նա շեշտեց, որ «Դու անկախ ես» կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին:

Ներկայացնելով միջոցառման մանրամասները՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ միջոցառումը լինելու է ներառական բոլոր իմաստներով: «Այն բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներկայացնելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն և ներառելու են մշակութային գրեթե բոլոր շերտերը: Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից: Երևի, կհիշեք, որ կար հստակ արտիստների մի խումբ, որոնք օգտվում էին ինչ-որ չափով մենաշնորհից՝ ելույթ ունենալու պետության կողմից կազմակերպված միջոցառումներին: Այս անգամ մոտեցումը բոլորովին այլ է, և դուք կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ, տաղանդավոր դեմքեր, ովքեր անմիջական ձևաչափի մեջ ելույթ կունենան Հայաստանի քաղաքացիների համար»,- ասաց նա:

Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է նաև ընդունելություն՝ կազմակերպված վարչապետի կողմից: «Այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում: Այդտեղ ևս ձեզ սպասվում է բավականին հաճելի անակնկալ»,- մանրամասնեց Էդուարդ Աղաջանյանը:

Անցկացվելու է «Սելֆի ժամ» միջոցառումը։ Ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում  քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ։

 

Source: Yerkir Media
Link: «Այս անգամ մոտեցումը բոլորովին այլ է, դուք կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ, տաղանդավոր դեմքեր»․ ՀՀ անկախության տոնի միջոցառումները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image