Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերություն:
Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գագիկ Ալոյանը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում կատարված տեխնիկական բարելավումները, հետագա ծրագրերն ու հեռանկարները, ընկերության գործարար ծրագրի մանրամասները:
Թվային հեռուստատեսային հեռարձակման անցնելուց հետո նախկին հաղորդիչ կենտրոնը, որտեղից ժամանակին հեռարձակվում էին անալոգային հեռուստածրագրերը, այժմ չի գործում։ Անալոգային եթեր ապահովող սարքավորումներն այլևս պիտանի չեն շահագործման և ենթակա են ապամոնտաժման։ Այստեղ նախարարին ներկայացվել են ընկերության գործարար ծրագրի մանրամասները, ըստ որոնց՝ նմանատիպ տարածքները կվերանորոգվեն և նոր նշանակություն կստանան։
Կատարվելու են նաև տեխնիկական բարեփոխումներ։ Օրինակ՝ Երևանի հեռուստաաշտարակի 240-270մ նիշերի հատվածում նախատեսված է տեղադրել FM կոլեկտիվ հաղորդիչ ալեհավաք, որը հնարավորություն կտա գործող ռադիոընկերությունների ազդանշանները հեռարձակել միասնականորեն։
Նախարարն այցելել է նաև թվային հաղորդիչ ցանցի գլխամասային կայան, որտեղից կազմակերպվում, վերահսկվում և ղեկավարվում է թվային հեռուստահեռարձակումն Հայաստանի ամբողջ տարածքում։ Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է ներդրված նորագույն տեխնիկական հնարավորություններին, որոնց միջոցով ապահովվում է թվային հեռարձակման բարձր որակը։
Ցանցի վերահսկողության և կառավարման կենտրոնում էլ նախարարին ներկայացվել է, թե ինչպես է վերահսկվում և կառավարվում հանրապետության բոլոր հեռուստակայանների և հեռուստաեթերի անխափան աշխատանքը։ Կայաններից որևէ մեկում խնդիրներ ի հայտ գալու դեպքում դրանք արտացոլվում են մոնիտորի էկրանին, անմիջապես միջոցներ են ձեռնարկվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
Նախարարին ներկայացվել է նաև Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող արբանյակային ընդունիչ ալեհավաքի համակարգի աշխատանքը։
Source: Yerkir Media
Link: Անալոգային եթեր ապահովող սարքավորումներն այլևս պիտանի չեն շահագործման