Ֆրանսիական Ռոման եւ Հայաստանի Հանրապետության Վարդենիս քույր քաղաքների բարեկամության շրջանակներում, ի թիվս այլ ծրագրերի, 2014 թվականից մեկնարկել է հերթական հանրօգուտ ձեռնարկը, որը միտված է թեթեւացնել բնակչության կոմունալ վճարների բեռը եւ զարգացնել այլընտրանքային արեւային էներգիայի օգտագործումը:
Ինչպես տեղեկացրեց Ռոման-Վարդենիս համագործակցության «Հովանավորչության ծրագրերի» պատասխանատու Կարեն Ասլանյանը, «Ռոմանի հայկական բարեկամության միության» կողմից ստեղծված հովանավորության ծրագրի նպատակներն է՝ զարգացնել արեւային էներգիայի օգտագործումը, կրճատել գազի սպառումը կենցաղում, որով կնվազեցվի նաեւ շրջակա միջավայրին հասցվող վնասի չափերը: Ծրագրի պայմանների համաձայն, արեւային ջրատաքացուցիչները տեղադրվում են տանիքներում՝ բնակչությանն ապահովելով շուրջօրյա տաք ջրով: Ընտանիքները ծրագրի սկզբում հովանավորներին վերադարձնում են ջրատաքացուցիչների արժեքի 10 տոկոսը, իսկ երեք տարվա ընթացքում, բացառապես առանց տոկոսների, վճարում են սարքի արժեքը, որը կարողանում են կուտակել խնայված գազի վարձավճարի միջոցներից:
Արեւային ջրատաքացուցիչների միջին արժեքը կազմում է 500 հազար դրամ: Ինչպես վկայում է ծրագրերի պատասխանատուն՝ ծրագրի մեկնարկման պահին երեք ընտանիքում փորձաշրջանի համար սարքեր իրենք են տեղադրել եւ ստացել դրական եւ շոշափելի արդյունք, որից հետո էլ շարունակվել եւ ընդլայնվել է ծրագիրը:
«Այսօր ծրագիրն ունի շուրջ 30 շահառու ընտանիք, որոնց թիվը տարեցտարի ավելացել է եւ դեռ առաջիկայում էլ կավելանա: Ծրագրի համար հիմնականում ընտրվել է բնակչության միջին խավը: Ծրագիրը հավանության է արժանացել եւ հետաքրքրություն է առաջացրել նաեւ Վարդենիսի տարածաշրջանից դուրս, եւ այն ֆինանսավորողները նպատակ ունեն՝ ընդլայնել ծրագրի սահմանները: Այս պահին մեր կողմից արեւային ջրատաքացուցիչներ տեղադրվել են նաեւ Սեւան եւ Շուշի քաղաքներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ վերապատրաստումներ կատարել եւ մասնագետ կադրերի վերազինել, ովքեր կկարողանան կատարել սարքերի անհրաժեշտ տեղադրումներ եւ հետագա սպասարկումները: Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար հիմնման գործընթացի մեջ է «Արեգ» հիմնադրամը, որը կընդլայնի արեւային ջրատաքացուցիչներից օգտվողների ցանկը: Պլաններում կա նաեւ արեւային ֆոտովոլտային համակարգի ներդնումը, որը թույլ կտա՝ ստանալ էլեկտրաէներգիայի այլընտրանքային եւ մատչելի աղբյուր:
Ֆրանսիայի Օվեր Ռոն Ալպ տարածաշրջանը աջակցում է նշված ծրագրին: Ռոման եւ Վարդենիս քաղաքների համատեղ միջոցներով Վարդենիսի մշակույթի տան բակում տեղադրվել է երկու ֆոտովոլտային լույս, որը գիշերները տարածքն ապահովում է գիշերային լուսավորվածությամբ»,-ներկայացրեց Կարեն Ասլանյանը:
Source: Yerkir Media
Link: Արեւային ջրատաքացուցիչները կրճատում են կոմունալ ծախսերը