Գյուղական տուրիզմը՝ համայնքների զարգացման միջոց

September 12, 2016

Հեռուստահաղորդավարի Զառա Կարապետյանը 4 տարի առաջ հիմնադրել է «Թեյսթի տուր» ընկերությունը։ Ասում է` նպատակն էր իր հյուրերին ոչ միայն մատուցել հայկական խոհանոցի համեղ ուտեստներն, այլ նաեւ երկրում զարգացնել խոհանոցային եւ գյուղական տուրիզմը։

«Մենք զարկ ենք տալիս գյուղական համայնքների զարգացմանը, որովհետեւ այդ ավանդույթները պահպանվել են գուղերում։ Իմ զբոսաշրջիկները ծանոթանում են` ինչպես են պատրաստվում արիշտան, եւ սա միջոց է, ոչ միայն ճանաչելու, այլ նաեւ սիրելու երկիրը։ Օրինակ` Չեխիայում ամրոցներում են կազմակերեպում նման հյուսիրությւոններ եւ սա շատ ընդունված է այսօր աշխարհում»,- մանրամասնում է Զառա Կարապետյանը:

Վերջինս վստահ է՝ պետական աջակցությունը գյուղական զբոսաշրջության զարգացմանը հիանալի արդյունքներ կարող է տալ եւ այդ ռեսուրսները մեր համայնքներում կան։ «Թեյսթի տուր» զբոսաշրջային ընկերության տնօրենը մեծ հույսեր է կապում «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի հետ, որի մեկնարկի մասին հայտարարվել է  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։

Ծրագրով առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստանի 60 համայնքներ կօգտվեն երկրում գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տրամադրած աջակցությունից։ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի խոսքով՝ Հայաստանում գյուղական տուրիզմի ներուժը հսկայական է։

«Այսօր մեր խնդիրն է հստակեցնել, թե մեր ինստիտուտներից յուրաքանչյուրն ինչպես պետք է աջակցի այս ներուժի իրացմանը։ Համակողմանի մոտեցում պետք է ցուցաբերել համայնքներում գյուղական տուրիզմի զարգացման գործում՝ հաշվի առնելով տուրիզմի զարգացման սոցիալական, այլ թվում կանանց եւ տղամարդկանց հավասարության, տնտեսական, բնապահպանական եւ մշակութային բաղադիրչները»,- նշում է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։

Հայաստանի կառավարության կողմից վերջերս ընդունված «Տարածքային զարգացման ռազմավարության» շեշտադրումներից է գյուղական տուրիզմի զարգացումը։ Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով, աշխարհի բազմաթիվ երկրներում նման ծրագրերը զգալի արդյունքներ են տվել։

«Հայաստանի մեծ թվով գյուղական համայնքներ օժտված են տուրիզմի բնագավառի հետաքրքրության օբյեկտներով, որոնք ոչ միայն աշխարհի համար, այլեւ նույնիսկ Հայաստանում բացահայտված չեն։ Սա մեծ հեռանկար ունեցող ծրագիր է, որը իր շարունակությունը պետք է ունենա»,- ընդգծեց նախարարը:

Վիճակագրական տվյալների համաայն, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 86 տոկոսը, շրջելով երկրի տեսարժան վայրերով, վերադառնում են են եւ գիշերում Երեւանում, միայն 24 տոկոսն է, որ նախընտրում է մնալ մարզերում, բայց այն էլ ոչ թե գյուղերում, այլ մարզերի հյուրանոցներում։

«Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի նպատակներից մեկը՝ զբոսաշրջիկի համար գրավիչ դարձնել նաեւ որեւէ գյուղում գիշերելու գաղափարը։

«Մեր մոտեցումը հետեւյալն է լինելու։ Այցելելու ենք 60 համայնքներ, եւ տեղում բնակիչներին հարցնելու, թե ինչ հետաքրքիր ամրոց, եկեղեցի, մատուռ կա իրենց համայնքում։ Հետո հրավիրելու ենք մասնագետների եւ արդեն բիզնես ծրագրեր մշակելու»,- մանրամասնեց ՄԱԿ Զարգացման ծրագրերի գլխավոր մասնագետ Արտակ Մելքոնյանը։

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր համայնքում հաստատված բիզնես ծրագրի համար միջինը 5-15 հազար դոլար կտրամդրվի։ Արտակ Մելքոնյանը տեղեկացրեց, որ եթե հաստատվեն բիզնես ծրագրերը, վարկերը կտրամադրվեն որոշակի արտոնություններով։ Չբացառեց նաեւ դրամաշնորհների ներգրավումը։

Նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ ծրագրի իրականացման զուգահեռ կառավարությունը շարունակելու է նաեւ համայնքների ենթակառույցվածքների զարգացման ծրագրերը։

«Մեր համայնքների համար տարիներ շարունակ եկամտի միակ աղբյուրը գյուղատնտությունն է, որը սակայն չի կարող չի կարող ապահովել տվյալ բնակչության ապրելակերպի զարգացումը։ Աշխարհի մի շարք երկրներում նման փորձ կա եւ սա համայնքների ուժեղացման օղակներից մեկն է»,- նշեց նախարարը։

«Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի մշակման համար անհրաժեշտ 3 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրելու է Ռուսաստանի Դաշնությունը:


Source: Yerkir Media
Link: Գյուղական տուրիզմը՝ համայնքների զարգացման միջոց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image