Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանին՝ քաղաքականացնել Արցախի ՄԻՊ-ի մասնակցությունը վեհաժողովին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մասնակցել է Բուխարեստում Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր վեհաժողովին: Ռուբեն Մելիքյանը մասնակցել է նաև վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրության քվեարկությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել յուրաքանչյուր մասնակցի անհատական քարտերով, որից ունեցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Վեհաժողովին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի նախկին օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հիվանդագին է ընդունել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը վեհաժողովին: Քննարկումներից մեկի ընթացքում Ռուբեն Մելիքյանը, ներկայանալով որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան,  հարցադրում է արել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մասին: Նստաշրջանը նախագահողների կողմից այս հարցին տրվել է լիարժեք պատասխան: Մելիքյանի հարցին պատասխանից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին,  որ միջոցառման կազմակերպիչների կողմից հայտարարվել էր քաղաքական ելույթների բացառման պահանջի մասին, Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան բողոքով դիմել միջոցառման կազմակերպիչներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուբեն Մելիքյանը չպետք է մասնակցեր այս վեհաժողովին և սկսել է քաղաքական հայտարարություն անել ու պահանջել հարցի հետագա քննարկում իր պահանջած ձևաչափով՝ առանց Ռուբեն Մելիքյանի:

Անմիջապես միջամտել է Եվրոպական օմբուդսմենների կազակերպության գլխավոր քարտուղար Ջոսեֆ Սիգելեն՝ շեշտելով միջոցառմանը միայն մարդու իրավունքների տեսանկյունից խոսելու պահանջը: Դրանով իսկ թույլ չի տրվել Ադրբեջանի օմբուդսմանին միջոցառումը քաղաքականացնելու փորձը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հայտնել է դիրքորոշում, որ սա մարդու իրավունքներին վերաբերող միջոցառում է և որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Վեհաժողովի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ղեկավար կազմի խորհրդակցություններ անցկացնել նաև Երևանում: Արցախի  մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ձեռք է բերել պայմանավորվածություններ միջազգային գործընկերների հետ՝ այլ երկրներում միջոցառումների մասնակցելու վերաբերյալ:

Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։  Նա ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը: Հատկապես շեշտադրումներ են արվել ազգային, էթնիկ հիմքով ատելության անթույլատրելիության, տարածաշրջանում դրա անթույլատրելի չափերի մասին: Հատուկ նշվել է, որ ատելությունը կարող է հանգեցնել իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:

Վեհաժողովին մասնակցել են եվրոպական երկրների (Գերմանիա, Ավստրիա, Լատվիա, Լիտվա, Իռլանդիա, Մոլդովա, Ռումինիա և այլն) օմբուդսմեններ,  մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայացուցիչներ և իրավունքի ոլորտի գիտնականներ (Սերբիա, Գերմանիա և այլն):

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն այն կառույցն է, որն անմիջապես խիստ քննադատեց ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, Լապշինի գործով հնչեցրեց խիստ քննադատություն, դրանից բացի սա միակ միջազգային կառույցն է, որը հատուկ էջ ունի ԼՂ օմբուդսմենի համար և որտեղ հրապարակվում են ԼՂ օմբուդսմենի զեկույցները:

Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագությունների վերաբերյալ այդ էջում հրապարակվել է ԼՂ օմբուդսմենի զեկույցը:

Source: Yerkir Media
Link: Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանին՝ քաղաքականացնել Արցախի ՄԻՊ-ի մասնակցությունը վեհաժողովին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image