Հայաստանում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին կնպաստի երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը: Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Կառավարման խորհրդարանական մոդելը նաև կարևոր նշանակություն կունենա ճգնաժամային իրավիճակներում, այն իրավիճակներում, երբ խորհրդարանի մեծամասնությունը պետք է որոշումներ կայացնի բյուջեում, հիմնական այլ օրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների մասին, որոնք թելադրվում են իրավիճակի զարգացմամբ»,- նշել է Սարգսյանը:
Նախարարը հավելել է, որ կառավարման խորհրդարանական համակարգն աշխատում է շատ երկրներում և աշխատում է շատ արդյունավետ:
«Նախատեսվում է, որ խորհրդարանում ձևավորվելիք մեծամասնությունը լինի կայուն մեծամասնություն, որը հնարավորություն կունենա ձևավորելու կառավարություն, որն էլ իր հերթին պատասխանատու կլինի երկրի պաշտպանունակության բարձրացման, ազգային անվտանգության համար: Պատերազմական իրավիճակում վարչապետը ստանձնում է գերագույն-գլխավոր հրամանատարի պարտականությունները»,- նշել է Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, կառավարման նոր մոդելը որքանո՞վ ազդեցություն կունենա ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության վրա, նախարարը պատասխանել է, որ բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առաջ գալ որոշումների կայացման ընթացքում շատ արագ կլուծվեն:
«Ես որևէ լուրջ խնդիր չեմ տեսնում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության համար` կապված կառավարման նոր մոդելի անցնելու հետ»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:
Source: Yerkir Media
Link: Երկրում խորհրդարանական համակարգը կնպաստի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը