«Ընտրանի» խորագրով ցուցահանդեսին ներկայացվեցին հայ արվեստի լավագույն նմուշները

September 5, 2017

Մինաս Ավետիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Արշիլ Գորկու, Ռոբերտ Էլիբեկյանի, Լևոն Թութունջյանի, Երվանդ Քոչարի և այլ հայ մեծանուն նկարիչների ստեղծագործությունները ներկայացվեցին մեկ հարթակում: «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ցուցանմուշները բացառապես մասնավոր հավաքածուներից են:

«Ցուցահանդեսը մեծ բիզնես ձեռնարկի իրականացման առաջին քայլն է, որի նպատակը հայ կերպարվեստն աշխարհին ճանաչելի դարձնելն է: Հեռանկարում նախատեսում ենք ոչ միայն ցուցահանդեսներ բացել, այլև հրատարակել  կատալոգներ և կազմակերպել աճուրդներ: Առաջին աճուրդը կկայանա  այս տարվա դեկտեմբերին»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ, նշեց «Հայ կոլեկցիոներներ»-ի ակումբի հիմնադիր-տնօրեն Աննա Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ մի շարք կտավներ առաջին անգամ են ցուցադրվում: Օրինակ՝ Դմիտրի Նալբանդյանի «Հայկական հովիտ» ստեղծագործությունը, Սարգիս Դիրանյանի «Հարեմ»,  Գևորգ Բաշինջաղյանի «Դարիալի կիրճը գիշերով» և այլ գործեր: «Մեկ շաբաթ առաջ Հայաստան է բերվել Երվանդ Քոչարի 1959 թվականին նկարված «Պառկած կինը» աշխատանքը, որը երկար տարիներ ցուցադրվել է Փարիզում»,- ասաց Գրիգորյանը:

Միջոցառումը կազմակերպել էին «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը և «Հայ կոլեկցիոներների ակումբ»-ը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչը սեպտեմբերի 25-ը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Source: Yerkir Media
Link: «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսին ներկայացվեցին հայ արվեստի լավագույն նմուշները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image