Ընտրություններին Հանրապետության մակարդակով գրանցվել է 49.42 % մասնակցություն
September 19, 2016
Երեկ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի են ունեցել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի 10 000-ից ավելի ընտրող ունեցող՝ թվով 5 քաղաքային համայնքներում` Աշտարակ, Մասիս, Վաղարշապատ, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում եւ շուրջ 312 գյուղական համայնքներում։
Տեղամասերը փակվելու ժամանակ Հանրապետության մակարդակով գրանցվել է 49.42 % մասնակցություն: Տվյալները դեռ մշակվում են, եւ առաջիկա թողարկումներում կներկայացնենք համապարփակ պատկերը։ Մինչ այդ՝ արդեն առանձին կուսակցություններ ներկայացնում են իրենց թեկնածուների կամ պաշտպանյալների գրանցած արդյունքները։
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շահել է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի համայնքապետի ընտրություններում։ Ընդ որում՝ նախկին գյուղապետը մեկ տասնամյակից ավել ղեկավարել է համայնքը։
Դաշնակցությունից հայտնում են, որ հաջողություններ են արձանագրել տարբեր մարզերում։ Ընդ որում՝ Արագածոտնում դաշնակցության թեկնածուներն ու պաշտպանյալները հաղթել են մեկ տասնյակից ավել համայնքներում։