Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականն առնչվում էր տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը։
Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ։ Դեպքի կապակցությամբ, նշեց վարչապետը հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմինները ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները։ Միաժամանակ նշված դեպքը, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ, պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում։
Հաշվի առնելով նշվածը՝ Կարապետյանը հանձնարարեց արտակարգ իրավիճակների նախարարին՝ 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաևհանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ։
Հանձնարարվեց խախտումների արձանագրման դեպքերում սահմանել սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։ Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմնին։
Բացի այդ, Կարեն Կարապետյանը առաջարկեց գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ՝ միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ, բարելավելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները։
Ի դեպ, 4-րդ նախագահի երդմնակալությունից առաջ սա կառավարության վերջին նիստն էր, նաեւ՝ վերջին բաց նիստը՝ լրագրողների համար։