«Կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց, ոչ էլ՝ միջնորդական գործընթացին». Մագդալենա Գրոնոն

October 19, 2017

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներին այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: Նա նշել է, որ կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց, ոչ էլ՝ միջնորդական գործընթացին:

«Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է ներկա ստատուս քվոն հավերժացնելու փորձի մեջ, իսկ հայկական կողմն այլեւս չի վստահում անվտանգության երաշխիքներին: Դրանից բացի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի եւ Իսրայելի զենքերի միջոցով հակամարտության տարածաշրջանում, առաջին հերթին Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությամբ էլ ավելի է աճել զենքի քանակն ու որակը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծն աշխարհում առավել ռազմականացված գոտիներից է»,- նշել է  Մագդալենա Գրոնոն: Նրա խոսքով, տարածաշրջանում գործող մարդասիրական կազմակերպություններն այնքան են մտահոգված, որ այժմ հնարավոր պատերազմի դեպքում գործողությունների ծրագրեր են մշակում:

Լսումների մասնակիցներից ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քեվինոն ընդգծել է, որ ռազմական գործողությունների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար կողմերին անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այն է` ավելացնել շփման գծում միջազգային դիտորդների թիվը եւ նրանց հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության լիազորություններ տալ:

Source: Yerkir Media
Link: «Կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց, ոչ էլ՝ միջնորդական գործընթացին». Մագդալենա Գրոնոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image