Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման լիազոր Չէն Հոպինի գլխավորած պատվիրակությանը:
Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում:
Չէն Հոպինը հավաստել է, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ, իսկ ահաբեկչության ու կիբերհանցավորության դեմ համատեղ պայքարը ժամանակակից աշխարհի գերխնդիրներից է, և այդ ուղղությամբ կարելի է լուրջ արդյունքներ արձանագրել միայն փոխգործակցոթյունը նոր մակարդակի բարձրացնելու դեպքում:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունավետության գրավականներից են տեղեկատվության փոխանակումը, մասնագետների վերապատրաստման գործընթացի ընդլայնումը, տեղեկատվական անվտանգության ապահովումը, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների կազմակերպումը:
Source: Yerkir Media
Link: Հայ-չինական համագործակցություն՝ ահաբեկչության դեմ պայքարում