tert.am— Չեմ կարծում, որ Դաշնակցության հետ կապված ընտրություններից հետո որևէ անակնկալ լինի. նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտրական շեմը հաղթահարելուց հետո անակնկալներ լինեն, և իշխանափոխության հնարավորության դեպքում ՀՅԴ-ն միանա ընդդիմությանը:
«ՀՅԴ-ի հետ կապված չեմ կարծում՝ անակնկալ լինի, որովհետև մենք ունենք ծրագրեր, և եթե որևէ մեկը ուզում է համատեղ աշխատել այդ ծրագրերին համապատասխան, մենք իրենց հետ համագործակցելու դաշտ տեսնում ենք։ Եթե ոչ, ապա ինքնանպատակ դաշինքներ ու միավորումներ՝ պարզապես տեղերը շատացնելու նպատակներով և ամբիցիոզ խնդիրներ լուծելու համար, այդպիսի հարցեր ՀՅԴ-ն չունի»,-ասաց Ռուստամյանը:
Հիշեցնեք, որ ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ բազմիցս նշել է, որ այս ԸՕ-ն իշխանափոխության մեծ հնարավորություն է տալիս:
Ըստ Ռուստամյանի՝ ՀՅԴ-ն ապագա ԱԺ-ում էլ անելու է ամեն ինչ, որպեսզի սկսածը ավարտին հասցնի. «Որպեսզի թույլ չտա, որ այս ամենը հետ պտտեն, և բնական է՝ այն բոլոր ուժերը, որոնք այս մոտեցումը կիսում են, մենք իրենց հետ պատրաստ ենք համագործակցել ամենախորքային առումով»։
ՀՅԴ պատգամավորը չի ցանկանում գուշակությունների գնալ՝ արդյո՞ք հնարավոր է երկրորդ փուլ անցկացվի.
«Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնքան ներկայություն, որ այս բարեփոխումների գործընթացն անշրջելի դառնա, և հետո արագ տեմպերով արդյունքներ արձանագրվեն, որպեսզի ժողովուրդն այդ պտուղները տեսնի, որովհետև մենք համոզմունքով գնացել ենք սրան, որ այն դժգոհությունը, որ երկրում կա, դրա պատճառները վերացվեն: Հիմա այդ պատճառները վերացնելու հիմքերն ենք ստեղծել, և մնում է, որ դրական հետևանքները մարդիկ տեսնեն»,-ասաց նա:
Ռուստամյանի խոսքով՝ իրենց ցանկությունը՝ հնարավորինս մեծ թվով լինել ԱԺ-ում, ինքնանպատակ չէ.
Դիտարկմանը, թե ինչքանո՞վ են վստահ, որ այս ԸՕ-ը ժողովրդավարություն կապահովի՝ հաշվի առնելով, որ շատ քաղաքական գործիչների և որոշ քաղաքացիների համար ռեյտինգային ցուցակի տրամաբանությունն այդքան էլ պարզ չէ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե կարծում է, որ ռեյտինգային կարգով ընտրությունները հետագայում կվերանայվեն:
«Այստեղ իսկապես խնդիրն այն է, որ այո, այս ռեյտինգային համակարգը հաստատ ընտրություններից հետո կվերանայվի, որովհետև այստեղ որոշ հարցեր կան, որ բաց են մնում և հասկանալի է, որ ճիշտ չէ այս ձևը կիրառել։ Բայց, ամեն դեպքում, սա բոլորի համար նույն ձևն է»,-ասաց նա:
Իսկ թե չկա՞ մտավախություն, որ գործընթացը վերահսկողությունից կարող է դուրս գալ՝ Ռուստամյանը պատասխանեց.
ՀՅԴ պատգամավորի համոզմամբ՝ գրեթե ամեն մի ձայնը հաշվված է լինելու: «Այսինքն՝ անտեր քվե չի լինելու, դա ինչ-որ տեղ էլ լավ է, որ ժողովրդի մոտ ակտիվություն լինի»,-ասաց նա՝ միաժամանակ չբացառելով, որ հենց թիմի ներսում էլ կարող են «անարդար դրսևորումներ լինել»:
«Ռեյտինգայինների մոտ կարող է լինել մի վիճակ, որ մեկը շատ ավելի ձայն ստանալով՝ իր իսկ թիմի մեջ չստանա մանդատ, իսկ մյուսն իրենից մի քանի անգամ պակաս ձայն ունենալով՝ մանդատ ստանա։ Դա անարդար է, մյուս կողմից էլ կարող են ասել, որ մեր մեջի մանդատներն են, ի՞նչ կապ ունի մյուսների հետ, բայց մեջի մարդն էլ է չէ՞ ջանք ու եռանդ դրել ու չի անցել, այսինքն՝ ապահովել է մի խաղի կանոն, որից կարող է օգտվել մեկը, ով պակաս ձայներով կարող է մանդատ ստանալ»,-ասաց նա:
Հարցին էլ, թե դա կարո՞ղ է, որոշ ընդդիմադիրների ձևակերպմամբ՝ «իշխանական բուրգի» փլուզման պատճառ դառնալ, Ռուստամյանը պատասխանեց.
Source: Yerkir Media
Link: «ՀՅԴ-ի հետ կապված չեմ կարծում՝ անակնկալ լինի, ինքնանպատակ դաշինք կազմելու խնդիր չունենք»