«Հոգով-սրտո′վ ներողություն». Պարույր Սեւակ

January 24, 2018

kin-axjik-poxoc4Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի′դ պես,
Ու քայլում էր քեզնի′ց առաջ` հմայքի՜դ պես…

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո′ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի′պ,
Հաճախ դա′ռըն,
Նաև կծո′ւ մի հայացքով:
Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո′վ ներողություն…

Այսուհետև, ինձ հավատա′,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո′չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո′ւ:

Միայն թե դու … «մե քիչ կամա′ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի′դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի′դ պես…

 

Այսօր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924 — հունիսի 17, 1971) ծննդյան օրն է։

Source: Yerkir Media
Link: «Հոգով-սրտո′վ ներողություն». Պարույր Սեւակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image