ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության ոլորտների ընդլայնմանը:
Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաեւ անդրադարձել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին եւ իր մտահոգությունը հայտնել հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ:
Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ անդրադարձել հունահայ համայնքի մեծ դերակատարությանը Հունաստանի հասարակական-քաղաքական կյանքում:
Անդրադառնալով այսօր աշխարհում գոյություն ունեցող հակամարտություններին՝ արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Հունաստանի դիրքորոշումը՝ բանակցային ճանապարհով դրանք լուծելու վերաբերյալ:
Պարոն Քուիքն առաջարկել է քննարկել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորությունը:
Source: Yerkir Media
Link: Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում