Մանկական քաղցկեղը դատավճիռ չէ, պետք է ժամանակին ախտորոշել ու հաղթահարել այն

February 15, 2018

Ամբողջ աշխարհում փետրվարի 15-ը նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը եւ աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 000 նոր դեպք մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում եւ 85 000` 15-19 տարեկանների շրջանում: ԱՀԿ մասնագետների կարծիքով` ժամանակին ախտորոշում եւ բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 80 տոկոսը բուժվում է: Հայաստանում այդ թիվը տատանվում է 65-70 տոկոսի սահմաններում:

Մեր երկրում տարեկան գրանցվում է առաջնային չարորակ ուռուցքով հիվանդության 80-90 դեպք: Ըստ մասնագիտական գնահատականների, հիվանդության  ցուցանիշը վերջին 10 տարիներին էականորեն չի փոխվել:

Չարորակ ուռուցքներով երեխաների ախտորոշումը եւ բուժումը կատարվում է ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում եւ ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայում` պետական պատվերի շրջանակներում:

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացում անգնահատելի է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի եւ հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մասնակցությունը: Հիմնադրամը մշտապես աջակցում է հիվանդ երեխաների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, թանկարժեք դեղերի ձեռք բերմանը, անհրաժեշտության դեպքում` օժանդակում է նրանց բուժման կազմակերպմանը ինչպես արտերկրի հեմատոլոգիական եւ օնկոլոգիական կլինիկաներում, այնպես էլ Հայաստանում վերջերս արդիականացված ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:

Վերջին տարիներին մեր երկրում քաղցկեղից ամբողջությամբ ապաքինված երեխաների թիվը 600 է: Մասնագետները վստահեցնում են, որ մանկական քաղցկեղը դատավճիռ չէ, պետք է ժամանակին ախտորոշել ու հաղթահարել` ճիշտ բուժմամբ:

«Մուրացան» համալսարանական կլինիկայի մանկական արյունաբան  Սամվել Իսկանյանի  վստահեցմամբ, 70 տոկոսի դեպքում երեխաներն ամբողջությամբ ապաքինվում են: Բուժման ինտենսիվ սխեմաները թույլ են տալիս  բժիշկներին բուժումը դարձնել արդյունավետ եւ կանխատեսելի:

Քաղցկեղից լիովին բուժված երեխաները զարգացած երկրներում կազմում են 75-80 տոկոս բոլոր ուռուցքների, հիվանդության բոլոր փուլերի դեպքում: Թույլ զարգացած երկրներում քաղցկեղից լիովին բուժված երեխաների թիվը չի գերազանցում 20-30 տոկոսը: Հայաստանում քաղցկեղից լիովին բուժված երեխաների միջին տոկոսը 65 է: Մանկական ուռուցքաբան, «Քաղցկեղով երեխաների բարեկամներ» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Բադալյանի կարծիքով՝ եթե Հայաստանն ունենար ժամանակից բոլոր սարքավորումները, որոնք կիրառվում են միջազգային պրակտիկայում, ապա քաղցկեղից լիովին բուժված երեխաների տոկոսը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին:

Մանրամասները «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

 

Source: Yerkir Media
Link: Մանկական քաղցկեղը դատավճիռ չէ, պետք է ժամանակին ախտորոշել ու հաղթահարել այն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image