Մարդ, որը փոխեց Թուրքիան․ Դինքի սպանությունից 11 տարի է անցել

11 տարի առաջ հենց այս օրը՝  2007 թ-ի հունվարի 19-ին,   Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ թուրք անչափահաս դավադրի ձեռքով սպանվեց Հրանտ Դինքը, ով անգամ համարձակություն չունեցավ նայել իր զոհի աչքերի մեջ և միայն հետևից երեք գնդակ արձակեց նրա ուղղությամբ:  Սպանությունը ստիպեց իր իսկ կողմից հիմնված «Ակոս» պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Թուրքիայի իշխանությունների կոկորդին ոսկորի պես կանգնած Դինքի սպանությամբ, սակայն, ոսկորը կուլ չգնաց:

Մնալ և պայքարել, ապրել և գործել հանուն ավելի լավ երկիր կառուցելու, որտեղ կհարգվի ցանկացած քաղաքացի՝ անկախ ազգությունից կամ կրոնական պատկանելությունից. այսպիսին էր Հրանտ Դինքը՝ մարդ, որը, ինչպես փաստում են շատերը, փոխեց Թուրքիան:  Դինքը երբեք իրեն չէր օտարում այդ երկրից և անում էր ամենը թուրքական պետությունը վերափոխված տեսնելու համար: Իր մասին նա ասում էր. «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառներն առնվազն երկու անգամ ավելի են»:

Դինքն ապրեց արգելքներ կոտրելով և մահացավ՝ հավատալով, որ կգա մի օր, երբ Թուրքիայում ապրող քաղաքացին կարթնանա մի երկրում, որը ստիպված չի լինի ամաչել սեփական անցյալի համար: Այն, ինչ նա չհասցրեց անել կենդանության օրոք, արեց մահից հետո՝ արթնացնելով Թուրքիայի հազարավոր քաղաքացիների խիղճը, ստիպելով նրանց ոտքի կանգնել, դուրս գալ փողոցներ և բղավել. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:

Source: Yerkir Media
Link: Մարդ, որը փոխեց Թուրքիան․ Դինքի սպանությունից 11 տարի է անցել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image