«Մեծ հիասթափությամբ տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից:

Այս մասին չէի արտահայտվի, եթե այս լուրը չտարածվեր մամուլում և չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը» եղել եմ ես:

Պատճառն էլ, ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որոշման հեղինակներին), ինչի կարիքը ով ով, բայց Հենոն հաստատ չունի, այլ այն պարզ հանգամանքը, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից:

Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ, Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երևան կամ այլ քաղաքներ և անցնելով տևական գործընթաց այդ երկրների վիզա ստանար(ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետև ներկայացնում են ԵՄ կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանա իր խաղի ու արդյունքի վրա:

Իմ պատկերացմամբ սա էլ մեր երկրի հնարավոր փոքրիկ տեխնիկական աջակցությունն էր մի հայի, ով Հայաստանն ու հայ ժողովրդին շատ ավելի ճանաչելի է դարձրել ու շարունակում է դարձնել աշխարհում, քան մի քանի տասնյակ դիվանագետներ ու պաշտոնյաներ միասին վերցրած»:

Հավելենք, որ սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք իրենց կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել: «Ես չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիր, ում է տրված եղել, քանի որ սա, եթե չեմ սխալվում, պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ,  բայց այս պահի դրությամբ մոտ 100-ից ավել դիվանագիտական անձնագրեր վերադարձվել է, 254-ը՝ չեղարկվել», ասաց Բալայանը:

Source: Yerkir Media
Link: «Մեծ հիասթափությամբ տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image